ՀՀ վաստակավոր արտիստ
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆը երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնից Գ. Սարգսյանի ‹‹Վեց սիրահարված խենթ›› կատակերգության հերոսի՝ Հայկի կերպարը մարմնավորելու առաքելությամբ:
Մինչ այստեղ գալը նա ճանաչված էր իբրև խոհական դերերի անձնավորող, որոնք նրան հաջողություն էին բերել հատկապես միջազգային փառատոներում, արժանացնելով՝ ‹‹Տղամարդու լավագույն դերակատար›› (2000թ՝ Կիև և 2004թ՝ Մակեդոնիա-Ստոբի), ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության ‹‹Արտավազդ›› (2001թ), իսկ 2007թ՝ Բաբկեն Ներսիսյանի անվան ‹‹Արտիստ›› մրցանակների:
Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆն պացուցեց, որ և՛ կատակերգության մեջ և՛ դրամայում կարող է լինել առաջնային: Դասական դրամատուրգիայի քնարականությամբ է հանդիսատեսին ներկայանում նրա Սև դիմակը Արիստոփանեսի ‹‹Լիսիստրատե›› հերոսական կատակերգությունում:
Իր մարմնավորած դերերում. Մուրիկ՝ ‹‹Իմ զոքանչը››, Սեն` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, Թեոդորո` ‹‹Պարտիզպանի շունը››, Նոչելլա` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո›› և առանձնապես Սգանարել` ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք›› ու նաև Բուռնությանց` ‹‹Ազգային գործիչը››, շնորհաշատ դերասանը ցուցադրեց հարուստ դիմախաղ, կատակերգական բազմազան հնարներ, ճկունություն և գլխավորը՝ խոսքի հստակ արտաբերում և կուլտուրա:
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆը միշտ բեմ է բարձրանում աննվազ կորովով: Եվ եթե Մոլիերի ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք›› ներկայացումը՝ 2009թ կազմակերպված հանրապետական փառատոնում շահեց առաջնություն, ապա դա վստահորեն պայմանավորված էր Սգանարելի ուշագրավ անձնավորումով:
Խաղացած դերեր.
Սև դիմակը` ‹‹Լիսիստրատե››
Հայկ` ‹‹Վեց սիրահարված խենթ››
Մուրիկ` ‹‹Իմ զոքանչը››
Սեն` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››
Թեոդորո` ‹‹Պարտիզպանի շունը››
Նոչելլա` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››
Սգանարել`‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք››
Միքայել Բուռնությանց` ‹‹Ազգային գործիչը››: