Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով Պատանի հահնդիսատեսի թատրոնից (մինչև այդ նա ստեղծագործում էր Սունդուկյանի անվան թատրոնում), Խաչատուր Պոզոյանը դեր ստանալու սպասում գրեթե չունեցավ և միաժամանակ ներմուծվեց մի քանի ներկայացումներում:
Դա նախ և առաջ Թամարայի իրավունքներն իր ձեռքը վերցրած իշխան Փանդիաշվիլու բարեկամներից մեկի էպիզոդիկ դերն էր ‹‹Խանումի արարքները›› երաժշտական կոմեդիայում: Կատակերգական վիճակներին հակված այս դերում, դերասանը զուսպ էր ու չափավոր, երբեք չէր կրկնում, թեկուզ ծիծաղաշարժ, բայց գտնված նույն ձևը: Դերասանի համար գովելի հատկություն է, ինչը և զգացվեց Պոզոյանի հետագա դերակատարումներում: Չգերադասելով զավեշտական գույները, դրանով նա առավել սուր ու ցնցուն է դարձնում կեպարը:
Այդպիսին է նրա Հրանտ Փոլադյանը (‹‹Էսպես մինչև ե՞րբ››): Նախ բեմ նետելով նրա ամբողջ լայնքով ձգվող հրշեջի կաշվեփողրակը, նա ներս է մտնում սրընթաց, մտնում է նկուղ և շարունակ կրկնելով ‹‹ցուրտ է, շոգ է...›› նույն բառերը. կատարում է իր ‹‹ազնիվ›› առաջադրանքը և խոշոր գումար շորթելով նույն արագությամբ դուրս է նետվում:
Պոզոյանը կերպարի բնավորության նուրբ ընկալմամբ ու անկեղծությամբ է խաղում Քեռի Վասիայի դերը՝ Ռոզովի ‹‹Երջանկություն որոնելիս›› պիեսում: Նրա հերոսը անմիջական է, բարի, հարևանների համար ցավող ու օգնության հասնող:
Սուր բնութագրական և լուրջ կերպար է նրա Բոինզովանսկուն (Ի. Կարաջալե ‹‹Կորսված նամակ››), որտեղ դերասանը խաղում է սկզբում շեշտված զսպվածությամբ, ապա բուռն պոռթկումով, ինչը բողոքի նրա արտահայտությունն է ընդդեմ ընտրախախտումների: Խաչատուր Պոզոյանը յուրաքանչյուր դերակատարման համար կարողանում է գտնել հավաստի գույներ, հանդես է բերում դերասանական գնահատելի տվյալներ, ինչպես օրինակ՝ Հուսեինի (‹‹Չարենցի ուղղիչ տունը››) և Թաթիկյանի (‹‹Ազգային խայտառակություն››) համար:
Խաղացած դերեր.
Հրանտ Փոլադյանը` ‹‹Էսպես մինչև ե՞րբ››
Վասիա` ‹‹Երջանկություն որոնելիս››
Հուսեին` ‹‹Չարենցի ուղղիչ տունը››
Թաթիկյան` ‹‹Ազգային խայտառակություն››: